Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոբելյանական՝ 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոն։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ և դասախոսներ, շրջանավարտներ ու ծնողներ:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մաղթել է, որպեսզի Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները հաջողությամբ կիրառեն մասնագիտական գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն այսօր ունի հիանալի նյութատեխնիկական բազա, որի շնորհիվ տեխնոլոգիական մայր բուհի ուսանողները տիրապետում են մասնագիտական նորագույն հմտություններին, ինչը շատ կարևոր նախադրյալ է այս ոլորտի աշխատաշուկայի համար։
«Ստանալով կրթություն Պոլիտեխնիկական համալսարանում՝ դուք ձեզ հետ տանում եք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաև՝ ինժեներական մտածողություն, կառուցողական միտք ու մարդկային արժեքներ։ Սակայն, անչափ կարևոր է, որպեսզի դուք շարունակեք կրթվել, ավելացնեք ու զարգացնեք ձեր հմտություններն ու ունակությունները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի շարք դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում, որը հնարավորություն է ընձեռում ոլորտի ընկերություններին և մասնագետներին կյանքի կոչելու իրենց գիտական գաղափարները։ Ուրախ կլինեմ, եթե դուք ևս մասնակցեք, հաղթեք և ձեր նորարարական լուծումներով նպաստեք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Շրջանավարտներին շնորհավորել է նաև ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Պոլիտեխնիկական համալսարանում ձեռք բերած մասնագիտությունները պահանջված են ամբողջ աշխարհում։
«Զարգացող տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, բլոկչեյնը, մեքենայագիտությունը վերափոխում են նաև արդյունաբերության տարբեր ոլորտներ, մարտահրավեր են նետում սովորական դարձած նորմերին և հիմնովին վերափոխում մեր ապրելակերպը։
Շարունակեք սովորել և աճել և երբեք չվախենաք ընդլայնել հնարավորի սահմանները, որովհետև այդ սահմանները գծում եք դուք»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Շնորհավորական և ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը: