Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Համաշխարհային իրերի ինտերնետ կոնվենցիա» (WIOTC 2022) ամենամյա խորհրդաժողովին
- Հրապարակվել է՝ 10/02/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 10-ին տեսաուղերձի միջոցով մասնակցել է Պեկինում կայացած «Համաշխարհային իրերի ինտերնետ կոնվենցիա» (WIOTC Annual Conference) խորհրդաժողովին:
Նախարարը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.
«Խորհրդաժողովը կարևոր հարթակ է՝ քննարկելու տարբեր թեմաներ, որոնք առնչվում են իրերի ինտերնետի և թվային տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև համաշխարահային տնտեսության և հասարակության նորարարական առաջընթացին։
Ակնհայտ է, որ թվայնացումը և իրերի ինտերնետը զգալի փոփոխություններ են բերել բազմաթիվ ոլորտներում՝ ապահովելով որակյալ ծառայություններ և ավելի խելացի հանրային ենթակառուցվածք: Վերջին տարիների համաճարակը ցույց տվեց, որ թվային տնտեսություն և հասարակություն ունենալը վճռորոշ դեր է խաղում նաև արտակարգ իրավիճակներում։
Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացմանը։ Այդ նպատակով է ստեղծվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ունի առանձնահատուկ գործառույթներ՝ խթանելու ոլորտային զարգացումը և Հայաստանը դարձնելու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերական երկիր:
Համոզված եմ, որ միայն միջազգային կազմակերպությունների ակտիվ համագործակցության և երկխոսության միջոցով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչին զգալիորեն կնպաստի տարբեր երկրների միջև լավագույն փորձի փոխանակումը»։