Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին տեղի է ունեցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորել, հաջողություններ և արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին: Նախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում արձանագրած հաջողություններին, խոսել պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք միտված են առկա դժվարությունները կանխելուն, հետագա մարտահրավերներին պատրաստ լինելուն:
«Ծրագրերը մշակելիս մենք փորձում ենք ուղիղ երկխոսության մեջ լինել ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանցից լսել առկա խնդիրները, որպեսզի կարողանանք առավել թիրախավորված և նպատակային աջակցություն տրամադրել»,-նշել է նախարարը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցության համար՝ ընդգծելով, որ «ԴիջիԹեք»-ն այս տարի ամենամեծն է իր պատմության մեջ։
««ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու հայտնում աշխարհին իր հավակնությունների մասին։ Համաժողովի խոսնակներն, իրենց հերթին, հնարավոր են դարձնում բարձրարժեք փորձի փոխանակումը։ Այդ ամենով հանդերձ, մեր առաջնահերթությունը կրթությունն է. տաղավարներով անցնելիս կնկատեք, որ ցուցահանդեսում հատուկ հատված է հատկացված կրթական նախագծերին, քանի որ դա է մեր համայնքի ու տնտեսության ապագայի երաշխիքը»,-նշել է Եսայանը։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը:
Հաջորդիվ, նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել «DigiTec 2022» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների տաղավարներով, որտեղ մասնակցում են թե՛ սկսնակ, թե՛ արդեն կայացած, ոլորտում հստակ ասելիք ունեցող ընկերություններ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է առանձին տաղավարով, ինչպես նաև Նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 11 ստարտափներ առանձին տաղավարային հատվածով ցուցահանդեսում ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումները և ձեռքբերումները ռոբոտաշինության, արհեստական բանականության, ֆինանսական, գյուղատնտեսական և բժշկական տեխնոլոգիաների, ծրագրային և վեբ լուծումների,
բջջային հավելվածների, դիզայնի և այլ ուղղություններով:
Նախարարության աջակցությամբ «ԴիջիԹեք 2022»֊ի շրջանակներում «Վրաստան» միասնական տաղավարի ներքո հանդես են գալիս նաև 9 վրացական ստարտափներ:
Երեք օր շարունակ «ԴիջիԹեք 2022»-ի շրջանակներում կներկայացվի հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները՝ ստեղծելով ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտելով ոլորտում իրականացվող փոփոխությունները։
«ԴիջիԹեք 2022»-ի շրջանակներում մարտի 11-ին կիրականացվի «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը, որի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: