Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Grid Dynamics ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական և ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով  ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին և ընկերության հայաստանյան  գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին:

Մխիթար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկայացրել է  ՀՀ կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական  ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Այդ համատեքստում, նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես կարևորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով  ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:

Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև Երևանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։

Նա նաև ողջունել է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությունը և դրան հասնելու ուղղությամբ նախարարության նախաձեռնությունները։ Հաշվի առնելով այս գործընթացները՝ ընկերությունը նախատեսում է առաջիկայում  ընդլայնել իր գործունեությունը՝ աշխատակազմը 350-ից հասցնելով 500-ի:

Կողմերը փոխանակվել են փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ մի շարք մտքերով և առաջարկներով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների և քայլերի վերաբերյալ:

Նմանատիպ գրառումներ