Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 19-ին այցելել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia)։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր  Հայկ Եսայանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել Կապի թանգարան։

Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության ռազմավարական ծրագրի՝ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցման ընթացքով, խոսել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշման կարևորության,  ներդրումային ծրագրերի ու զարգացման հիմնական ուղղությունների մասին: Եսայանն ընդգծել է, որ ոլորտում Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքերում:

Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայի դերակատարներին՝  բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բիզնեսի շահն այս դեպքում  համընկնում է պետական շահի հետ:

Այցի ընթացքում քննարկվել են կապի ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ: Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնելու պետություն֊մասնավոր համագործակցությունը: 

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտներին և առաջարկ է արվել ոլորտին առնչվող  հանդիպումներում ներգրավել  նաև նախարարության ներկայացուցիչներին՝ խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին ավելի խորը ծանոթանալու նպատակով:

Նմանատիպ գրառումներ