Մխիթար Հայրապետյանն այցելել է Krisp ընկերություն. քննարկվել են համագործակցության հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 01/08/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 1-ին այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։
Նախարարը Արտավազդ Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին։ Խոսվել է ձեռքբերումներից, աճի հնարավորություններից, մարտահրավերներից: Մինասյանն անդրադարձել է նաև ընկերության գործարկած նոր գործիքներին և դրանց հնարավորություններին:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության կողմից ոլորտային ընկերությունների համար իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել դրանցում հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Քննարկվել է նախարարության նախաձեռնությամբ մեկնարկելիք միջազգային աքսելերացիոն ծրագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի ու Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից հիմնադրված BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությանը։ Նշվել է, որ ֆոնդն արդեն իսկ ներդրում է կատարել 23 հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացման, նրանց աճն ու առաջընթացն արագացնելու գործընթացում՝ ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս համատեքստում քննարկվել է նաև կառավարության կողմից վենչուրային ֆոնդ ստեղծելու հարցը:
Հատկանշական է, որ ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը, ներկայացնելով 14 գեներատիվ արհեստական բանականության գործիք, այդ ցանկում ընդգրկել է նաև հայկական Krisp-ը։