Աերոդինամիկ խողովակ, աերոտիեզերական սարքեր, կիսահաղորդչային կոմպոնենտների արտադրության պլաններ․ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը:
Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու գաղափարները: Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ԲՏԱ նախարարության հետ համագործակցության արդյունքում ստեղծված աերոտիեզերական ոլորտի զարգացմանը նպաստող ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիային, որը ներառում է «Մաքուր սենյակ» լաբորատորիան, նանոլիտոգրաֆիկ համակարգը, ԱԹՍ֊ների և այլ թռչող սարքերի համար նախատեսված աերոդինամիկ խողովակը, աերոտիեզերական սարքերի և կոմպոնենտների թեստավորման այլ լաբորատոր սաքերը:
Նախարարին ներկայացվել է նաև «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որի նպատակն է ստեղծել ամուր հիմքեր հայկական տիեզերական արդյունաբերության համար՝ այդ շրջանակում, ճանապարհային քարտեզում ծրագրվում է կառուցել թվով չորս առանցքային գործարան, որոնցից մեկը կիսահաղորդչային կոմպոնենտների և միկրոէլեկտրոնիկայի արտադրության լաբորատորիա-գործարանն է: Ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել լաբորատորիա-գործարանի հավակնոտ ծրագրերը: Երկուստեք հաստատել են Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը. նախարարն իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աերոտիեզերական ինժեներության ոչ ֆորմալ կրթական ծրագրին, որի միջոցով խնդիր է դրված լուծելու Հայաստանում աերոտիեզերական ոլորտում մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը: Հիմնադրամի միջոցով երիտասարդների համար կազմակերպվում և իրականացվում են աերոտիեզերական ինժեներության անվճար դասընթացներ, որոնք ոչ միայն միտված են երիտասարդներին կապելու աերոտիեզերական ոլորտի հետ, այլ նաև՝ վերապրոֆիլավորելով այլ մասնագետների, խթանելու նրանց գործունեությունն այս ոլորտում: Հիմնադրամի շնորհիվ շուրջ 850 շրջանավարտ ստացել է տարբեր մասնագիտություններ՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, աերոտիեզերական ինժեներություն, էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա:
Նախարար Հայրապետյանը, իր հերթին, կարևորելով Հայաստանում աերոտիեզերական արդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ոլորտի զարգացմանն օժանդակելու գործում, ներկայացրել է նախարարության կողմից ներդրված բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանը նպաստելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ: