Նախարարն այցելել է «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» ընկերության հայաստանյան գրասենյակ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» ընկերության հայաստանյան գրասենյակ։
Հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։
Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Իրինա Դումանյանը նախարարին ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը, իրականացվող ծրագրերը, գործունեության հիմնական ուղղությունները։ Նա հավելել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան բուհերի հետ և իր ներդրումն է ունենում համատեղ գիտահետազոտական աշխատանքներում։
Անդրադարձ է կատարվել նաև որակյալ կադրերի ներգրավման խնդրին, որը փորձում են լուծել ընկերության կողմից իրականացվող ուսուցողական ծրագրերի միջոցով:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանում «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր»-ի և նմանատիպ խոշոր այլ ընկերությունների գործունեությունը։ ՏՏ ոլորտում մարդկային ներուժի, կադրերի պակասի համատեքստում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ անդրադարձել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրին՝ նշելով, որ այն միտված է նոր մասնագիտություն փնտրողներին տեղափոխել տեխնոլոգիական ոլորտ, իսկ արդեն որոշակի փորձ ունեցողներին, ոլորտում գործող կադրերին՝ զարգացնել մասնագիտական գիտելիքները, ապահովել առաջխաղացում իրենց աշխատավայրում։
Քննարկվել է նաև նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որի ընթացքում կարևորվել է պետական աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը ոլորտային ընկերությունների գործունեության համար: Այս համատեքստում ընդգծվել է ՏՏ ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը: