Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Սարգիս Իզմիրլյանին
- Հրապարակվել է՝ 05/04/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։
Նախարարը ողջունել է հյուրին, շնորհավորել Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել, որ այն մեր երախտիքի արտահայտումն է Իզմիրլյանների ընտանիքին՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ և իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը դրանց իրագործմանը։
Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ռազմավարության մասին, նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տեխնոլոգիական աշխարհում դառնալու կարևոր դերակատար, և այս համատեքստում սփյուռքի մասնագիտական կարողությունները, նորարար մտածողությունն ու հնարավորությունները մեծ նպաստ կարող են բերել դրան:
Սարգիս Իզմիրլյանը մատնանշել է տեխնոլոգիաների կարևոր դերը ժամանակակից աշխարհում, որոնք մեծ փոփոխություններ են բերում՝ էապես բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի տեխնոլոգիական ապագային, կարևորել տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը և հատկապես առանձնացրել բիոտեխնոլոգիայի ոլորտը, որտեղ Հայաստանը կարող է լուրջ հաջողություններ գրանցել:
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը: