Նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 13/03/2024
- Թեմաներ
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 12-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներին:
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը նախ շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, թվայնացման ոլորտում առկա և պլանավորված նախաձեռնությունները:
Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, նշել, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փուլում է. մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը, տեղական և միջազգային գործընկերների ներգրավմամբ արդեն իսկ մեկնարկել են ոլորտի զարգացման ազգային ռազմավարության մշակման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման օրակարգին: Մասնավորապես կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը պետական ծառայությունների թվայնացման հարցում ԱԶԲ կողմից ներկայացված աջակցության առաջարկները, արդյունքահեն ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորություները: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ քննարկումները ներգրավված բոլոր կողմերի պատասխանատվության շրջանակը հստակեցնելուց հետո:
Դոն Լամբերտը հրավիրել է նախարարին մասնակցելու մարտի 21-23-ը Մադրիդում կայանալիք «Govtech 4 Impact World Congress»-ին, որը համախմբում է ոլորտի առաջնորդներին տարբեր երկրներից՝ լուծելու կառավարությունների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերները: Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հնարավորության դեպքում կմասնակցի համաժողովին: