ԲՏԱ նախարարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել Էնդրյու Թըրներին նշանակման և ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման կապակցությամբ, հույս հայտնել, որ սա նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության, օդատիեզերական ոլորտների կարգավորման, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ռազմարդյունաբերության համար:
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ռազմավարական ուղղություններից է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, և նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը միտված են ապահովելու ոլորտի աճն ու զարգացումը՝ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
Դեսպան Էնդրյու Թըրները հույս է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը հնարավորություն կտա խորացնելու հարաբերությունները երկու երկրների ընկերությունների միջև՝ հատկապես տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում՝ դրական հիմք ստեղծելով, որպեսզի Կանադայում գործունեություն ծավալող բիզնես համայնքը դիտարկի Հայաստանը որպես գործընկեր: Դեսպանը նաև հետաքրքրվել է ոլորտում առկա մարտահրավերներով և հնարավորություններով, որոնք կարող են նկատի ունենալ կանադական ընկերությունները՝ նախքան հայկական շուկա մուտք գործելը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, որը ռեսուրսներ և հնարավորություններ է ընձեռում ոլորտի կազմակերպություններին, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների և «ՔՈԱՖ» սմարթ կենտրոնների գործունեությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology - WCIT), որն անցկացվելու է 2024թ. Հայաստանում, նաև այլ կարևոր միջոցառումներին և ցուցահանդեսներին, որոնք ամեն տարի համախմբում են ոլորտային ներկայացուցիչներին Հայաստանից և արտերկրից: Քննարկվել են կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությունները նմանօրինակ միջոցառումներին:
Հանդիպման ավարտին կողմերը գործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել: