ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
- Հրապարակվել է՝ 10/04/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:
Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:
Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում 2023թ. աշնանը կազմակերպվել է Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դառնալու կամրջող օղակ Բելգիայի մասնավոր ընկերությունների և ՀՀ գերատեսչությունների միջև՝ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին հնարավոր մասնակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ ինժեներական և տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: