Մեկնարկել է «Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 4.0» պետական ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ սփյուռքահայ մասնագետների հայրենադարձությունը խթանելու միջոցով:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ, իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:
Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրների առաջատար երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:
«Ներուժ» ծրագրին մասնակցելու համար ստարտափը պետք է՝
- ունենա նախապես ձևավորված թիմ,
- ունենա հիմնադիր (կամ առնվազն համահիմնադիրների 50%), որը
- ունի (ունեն) հայկական ծագում,
- Հայաստանի քաղաքացի չէ (չեն) (բացառությամբ երկքաղաքացիների),
- վերջին 12 ամիսների ընթացքում չի բնակվել Հայաստանում կամ հայրենադարձվել է վերջին 6 ամիսների ընթացքում,
- գտնվի գաղափարի կամ աճի մակարդակում,
- գործի կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ստացած չլինի դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից,
- ունենա հիմնադիր (համահիմնադիրներ), ով (ովքեր) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և գրանցել տվյալները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը, ժամը 18:00-ն:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am