Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ թեմային
- Հրապարակվել է՝ 08/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Հայկական բարեգործական ընդհանուր միությունում նոյեմբերի 8-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Արարատ-73-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը և Նորայր Մեսրոպյանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել է «Արարատ 73»-ի մասին պատմող կարճ տեսանյութ, ֆիլատելիստական եզակի նմուշներ և Մելիք Բաղդասարյանի հեղինակային թեմատիկ լուսանկարները։
Խորհրդային տարիներին հայկական ֆուտբոլի մասին իրենց հիշողություններով կիսվել են Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Բոնդարենկոն, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։
380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ:
Գեղաթերթիկի վերևի հատվածում պատկերված են «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքևի հատվածում ներկայացված է «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարը՝ ամբողջական կազմով:
Գեղաթերթիկի և նամականիշի վրա պատկերված են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ և ԳԱՎԱԹԱԿԻՐ», «ԱՐԱՐԱՏ-73» և «50-ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճել է Խորհրդային Միության գավաթը, այլև արժանացել է Խորհրդային Միության չեմպիոնի կոչմանը:
«Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային նվիրված գեղաթերթիկի հավաքածուն կուղարկվի նաև «Արարատի» լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանին և թիմի մյուս ֆուտբոլիստներին, ովքեր ներկա չէին միջոցառմանը։