Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոնին
- Հրապարակվել է՝ 15/03/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ:
Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ ունի և կան բոլոր նախադրյալներն այն ավելի սերտացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ազգային ռազմավարության մշակմանը, ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթին, թվայնացմանը, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է նաև ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների վերհանումը, դրանց լուծման նպատակով երկուստեք պատրաստակամությունն ու ջանքերի համատեղումը:
Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված գործընկերային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել զարգացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: