Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
- Հրապարակվել է՝ 19/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Դեկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական հարցերով պատասխանատու Ռոել Յանսենսը:
Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման պատմությունը, պատասխանատվության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին շարունակական աջակցության համար՝ նա մասնավորապես ընդգծել է կառույցի կողմից պատրաստված «Նորարարություն՝ հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (Innovation for Sustainable Development: Review of Armenia 2023) զեկույցի կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը նաև պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման շուրջ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվելու է նաև ԵՏՀ-ի զեկույցը:
Տատյանա Մոլչանը բարձր է գնահատել Նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել է ԵՏՀ-ի զեկույցի մասին և նշել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, տարբեր միջազգային գործընկերների պատրաստկամությունն աջակցելու դրանում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը:
ԵՏՀ գործադիր քարտուղարը նաև փոխանցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Տանգի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտավոր սեփականության և նորարարության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: