Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին:
Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն ազգային մրցունակության նախադրյալ է և այս համատեքստում առանձնակի ընդգծել արհեստական բանականության կիրառության կարևորությունը տնտեստության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի աճի արագ տեմպերն ու արտադրողականության աճի պոտենցիալը։
Հանդիպմանը NVIDIA-ի ԱՄԷ-ի ներկայացուցիչ, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման տնօրեն Անտոն Զորաևը մանրամասն ներկայացրել է ընկերության լուծումներ՝ փոխակերպելով աշխարհի խոշորագույն արդյունաբերությունները` խորապես ազդելով հասարակության վրա: Կողմերը հանգամանալից քննարկել են նաև ՀՀ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների նախապատրաստման, ներդրման, ինչպես նաև գերհամակարգիչների կիրառման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ամենատարբեր՝ տնտեսական, կրթական, առողջապահական, կիբեռանվտանգության, քաղաքացիական ծառայությունների կազմակերպման, քաղաքաշինության և այլ բնագավառների զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ քննարկվել է նաև հայոց լեզվի մոդելի ներդրման կարևորության հարցը: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախանշյալ ուղղություններով հետագա փոխգործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «GeForce Now» ընկերության ԱՊՀ երկրների և Հարավային Կորեայի տարածաշրջանային տնօրեն Պավել Տռոիցկին, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման «ԱԴԿԱՌՍ» գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանը, «Արմեդ-Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: NVIDIA-ն հիմնադրվել է 1993 թվականին:
NVIDIA-ի արագընթաց աճը կապված է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում գերակայության հետ: Այժմ այն դարձել է մասնագիտացված GPU-ների և կիսահաղորդիչ կոմպոնենտների առաջատար մատակարարը AI համակարգերի համար ամբողջ աշխարհում: NVIDIA-ն այժմ ամբողջական փաթեթային հաշվողական ենթակառուցվածքային ընկերություն է՝ տվյալների կենտրոնական մասշտաբով:
Ընկերության գլխամասը տեղակայված է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 31․000 աշխատակից աշխարհի 36 երկրներում: