Քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 11-ին ընդունել է Ճապոնիայի Իձումո քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Իձումո քաղաքի քաղաքապետարանի, «Monstarlab», «Monstarlab Omnibus», «People Cloud Inc.», «Skylight Consulting Inc.» ընկերությունների ներկայացուցիչները:
Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցության համար նպաստավոր նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտներում։
Հանդիպմանը տեսակապով միացել է նաև Իձումո քաղաքի քաղաքապետ Տոշիյուկի Լիցուկան։ Նա շնորհակալություն է հայտնել Իձումոյի պատվիրակությանն ընդունելու համար և նշել, որ հետաքրքրված են ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությամբ:
Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերը, նշել, որ պատրաստակամ են համագործակցել հայ մասնագետների և ոլորտային ստարտափ ընկերությունների հետ փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու համար, ինչն էլ կարող է կամուրջ ստեղծել երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացման համար:
Ճապոնական պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանի ՏՏ արդյունաբերության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ոլորտներով, ինչպես նաև ՀՀ մարզերում ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների ներուժի առանձնահատկություններով և զարգացման քաղաքականությամբ։
Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումներն ու թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ճապոնական համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: