Քննարկվել են ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ երկրների կառավարությունների առաջնահերթություններն ու ռազմավարական հեռանկարները
- Հրապարակվել է՝ 07/04/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ապրիլի 5-ին, մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) 70-րդ նստաշրջանին ընդառաջ՝ «Ամփոփ ճեպազրույց ՄԱԿ-ի ԵՏՀ-ի համար. Ռազմավարական կանխատեսումներ համաճգնաժամի դարաշրջանում» բարձր մակարդակի հարակից միջոցառմանը։
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններն ու հեռանկարները՝ կապված երկարաժամկետ պլանավորման և ապագայի քաղաքականության մշակման հետ:
«Քովիդ-19 համաճարակը մեզ սովորեցրեց, որ միայն համախմբվելով ու միասնական ջանքեր գործադրելով և անհրաժեշտ ներդրումներ կատարելով հետազոտությունների և նորարարությունների մեջ, կարելի է դիմակայել մարդկությանը սպառնացող ներկա և գալիք մարտահրավերներին: Գիտական և տեխնոլոգիական նորարարությունը մեր առաջնահերթությունն է: Իրականում ինովացիոն քաղաքականությունը չի գործում վակուումում, այն պահանջում է հատուկ կարգավորումներ և ենթակառուցվածքներ: Այս առումով կարևոր է տիրապետել միջազգային համագործակցության լավագույն փորձին, որին ուղղված են մեր համատեղ ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը ձգտում է բարելավել մարդկանց կյանքի որակը և արդիականացնել ենթակառուցվածքները՝ տվյալների օգտագործման և կառավարման միջոցով: Թվային փոխակերպումը կառավարության ազգային զարգացման նպատակներից է: Հաջողության գրավականը ոչ միայն ֆինանսական և ինտելեկտուալ հնարավորություններն են, այլ նաև մարդիկ ու նրանց գաղափարները: Ուզում եմ շեշտել, որ մենք բաց ենք համագործակցության համար»,- ասել է Գևորգ Մանթաշյանն իր ելույթում:
Միջոցառման բանախոսները քննարկել են ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ երկրների կառավարությունների առաջնահերթությունները և ռազմավարական հեռանկարները: Նշվել է, որ ճգնաժամերը՝ հակամարտություններից մինչև շարունակվող համաճարակներ, բնապահպանական խնդիրներ ու աղետներ, փոփոխում են համաեվրոպական տարածաշրջանը, ապագայի տեսլականը:
Ընգծվել է նաև, որ ճգնաժամերը պատմության ընթացքում հաճախ ծառայել են նաև որպես նոր տեխնոլոգիաների, նորարարությունների և նոր հասարակական կազմակերպչական ձևերի զարգացման և տարածման ազդակներ: