Քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 22/08/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները:
Բարձր գնահատելով Մատենադարանում կատարվող աշխատանքները՝ Գևորգ Մանթաշյանը խոսել է ձեռագրատան թվային տեխնոլոգիաների գործիքակազմն առավել հագեցնելու անհրաժեշտության մասին: Նախարարի տեղակալն առաջարկել է նաև պետական և մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ Մատենադարանում կազմակերպել աշխատաժողով՝ հումանիտար գիտական հետազոտություններում թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների վերաբերյալ:
Արա Խզմալյանը ողջունել է առաջարկը՝ նշելով, որ աշխատաժողովը լավ հնարավորություն է ներկայացնելու արված աշխատանքը, վեր հանելու առկա խնդիրները և մատնանշելու դրանց լուծման ուղիները:
Մատենադարանի տնօրենը կարևորել է բնագրագիտական հետազոտություններում թվային տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ընդգծել, որ այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մատենադարանի զարգացման ծրագրում:
Հանդիպմանը ընթացքում Մատենադարանի գիտաշխատողները ներկայացրել են թվային հումանիտար գիտությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը միջնադարյան բնագրերի գիտաքննական տեքստերի պատրաստման գործում, ինչպես նաև Մատենադարանի թվային ռեսուրսներն ու առկա խնդիրները:
Այցի ավարտին հյուրերը շրջել են Մատենադարանի Թվայնացման բաժնում, ծանոթացել ձեռագրերի թվայնացման աշխատանքներին։