Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև բարձր տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ գիտության և հետազոտությունների ու զարգացման (R&D) բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նախարարը Լեհաստանի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները: Ռոբերտ Խաչատրյանը հավելել է, որ նախարարության ամենօրյա գործունեության առանցքում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է:
Դեսպան Պյոտր Սքվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Լեհաստանը հետաքրքրված է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Դեսպանը առաջարկել է Լեհաստանի հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի և Հայաստանի գիտահետազոտական կենտրոնների միջև համագործակցություն ձևավորել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումներին։ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերին կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսի և 2024 թ. մարտին կայանալիք «ԱրմՀայԹեք 2024» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ, որոնց կարող են մասնակցել նաև լեհական ընկերությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել նշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրակականացման հնարավորություններն ուսումնասիրելու, ինչպես նաև՝ երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումներին հայկական և լեհական ընկերությունների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: