Կատարում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մայիսի 22-25-ն աշխատանքային այցով Կատար Պետությունում էր:
Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Այնուհետև պաշտոնական արարողությունից հետո Ռոբերտ
Խաչատրյանը ներկա է եղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի և Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։
Հաջորդիվ՝ հանդիպում է տեղի ունեցել Կատարի Պետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ:
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ոլորտային այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել համատեղ նախաձեռնություններին և ծրագրերին առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին Ռոբերտ Խաչատրյանին հրավիրել է մասնակցելու Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները:
Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Կատարի ազգային գրադարան, Կատարի Իսլամական արվեստի թանգարան, Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեությանը։ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը մասնակցել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: