Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը՝ ԲՏԱ ազգային ռազմավարության նախագիծ ստեղծելու նպատակով
Մարտի 2-ին Երևանում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:
Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր ելույթում խոսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն ունենալու առաջնահերթ անհրաժեշտության մասին՝ կարևորելով այն փաստաթուղթը, որը ձևավորվելու է աշխատաժողովի մասնակիցների համատեղ ջանքերով:
«Հույս ունեմ, որ այս աշխատաժողովի արդյունքում մենք կկարողանանք համադրել կատարված ամբողջ աշխատանքը և ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը: Ինչո՞ւ է առհասարակ մեզ համար կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդ հիմնարար փաստաթղթի բացակայության պարագայում բոլոր որոշումները, որոնք կայացվում են տարածության և ժամանակի մեջ, հիմնարար, հաշվարկված չլինելու և ազդեցություն չունենալու մեծ ռիսկ են պարունակում: Ստեղծվող փաստաթուղթը կարող է ճանապարհ լինել մեզ համար, որը ցույց կտա սկիզբը և այն շարունակական աշխատանքը, որը մենք նախանշել ենք մեզ համար: Դա կնշանակի, որ մենք գիտենք մեր քայլերի հաջորդականությունն ու հերթականությունը, մենք գիտենք, թե որն է այն ճանապարհը, որ պիտի անցնենք: Մենք հենց այս փաստաթղթով պետք է ամրագրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք պիտի ունենա», - նշել է Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում խոսել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչք ապահովելու հնարավորությունների մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանն ունի թռիչքաձև զարգացում ապահովելու բոլոր հնարավորությունները:
Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ, մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ: