«իԳործ» ծրագրով 5 սփյուռքահայ մասնագետ միացել է նախարարության աշխատանքներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 5 մասնակիցների հետ, ովքեր համալրելու են նախարարության մասնագիտական ստորաբաժանումները։
Սփյուռքահայ երիտասարդ մասնագետներին ողջունել և արդյունավետ գործունեություն է մաղթել հայրենիքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։
Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել սփյուռքահայ մասնակիցների պատրաստակամությունը՝ ներդնելու իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում, ընդգծել, որ վերջին տարիներին նախարարության համագործակցությունը «իԳործ» ծրագրի հետ շատ արդյունավետ է եղել:
«Մասնակիցների ընտրության հարցում բավականին բարձր չափորոշիչներ են կիրառվել, ինչի արդյունքում ընտրվել են արհեստավարժ և հմուտ մասնագետներ։ Նրանք իրենց ներուժով ու գիտելիքներով աշխատանքային նոր մշակույթ են բերում, ինչը դրական ազդեցություն է ունենում Հայաստանի կառավարման համակարգի վրա՝ միևնույն ժամանակ խթանելով սփյուռքի երիտասարդների հայրենադարձությունը»,- ասել է Նարեկ Մելքումյանը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի պատասխանատու Աննա Մհերյանը ներկայացրել է ծրագրի մասնակիցներին և նշել, որ դիմումների աննախադեպ քանակը փաստում է արդեն երեք տարի գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող հաջողված ծրագիր լինելու մասին:
Հանդիպման ընթացքում «իԳործ» ծրագրի մասնակիցներին ներկայացրել են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին, ծանոթացրել աշխատանքային պայմաններին։
Սփյուռքահայ երիտասարդները, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Գերմանիայից, ներգրավվելու են նախարարության Բարձր տեխնոլոգիաների, Թվայնացման, Ծրագրերի, Միջազգային համագործակցության և Գիտատեխնիկական վարչությունների աշխատանքներում:
Նշենք, որ «իԳործ» ծրագիրն իրականացվում է արդեն 4-րդ անգամ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ սփյուռքահայ 150 մասնագետ աշխատանքի է անցել տարբեր գերատեսչություններում: