Կայացել է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի գնահատման երկրորդ փուլը
Ծաղկաձորում հունիսի 4-5-ն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարված «Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթի հայտերի գնահատման երկրորդ փուլը՝ պատկերավոր ներկայացումները (pitching)։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով են հանդես եկել և թիմերին հաջողություն մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավարի տեղակալ Գայանե Դալլաքյանը։
Ռուբեն Սիմոնյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, նշել է, որ «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում ստարտափներին, որոնք ունեն տեխնոլոգիական լուծումներով հետաքրքիր նախագծեր, հնարավորություն է տրվում կյանքի կոչել իրենց գաղափարները՝ դրանք վերածելով պրոդուկտների: Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այն նախագծերը, որոնք չեն հաղթահարի մրցութային փուլը, կստանան խորհրդատվական աջակցություն, որպեսզի զարգացնեն գաղափարը և մասնակցեն հաջորդ փուլերին:
Ընդգծելով ծրագրի՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում նորարարությունը խթանելու հանձնառությունը՝ Գայանե Դալլաքյանը կարևորել է համատեղ գործակցության շնորհիվ նոր գաղափարների գեներացումն ու դրանք բիզնեսի վերածելու հարցում ընկերություններին աջակցության տրամադրումը։
«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 85 ընկերություն, որից, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում, պատկերավոր ներկայացումների փուլ է անցել 24-ը։
Ներկայացված գաղափարները հիմնականում առաջարկում են տեխնոլոգիական նորարարական լուծումներ արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության, գյուղատնտեսության, բժշկության, ֆինանսների, կրթության և մի շարք այլ ուղղություններով։
«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 ՀՀ դրամ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչի հայտերի գնահատման երկրորդ փուլը՝ պատկերավոր ներկայացումները, իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ։