Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
- Հրապարակվել է՝ 10/05/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ամրագրված դրույթների իրականացմանը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը թվայնացման, կիբեռանվտանգության, ինչպես նաև կիսահաղորդիչների նախագծման ոլորտում՝ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառի առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով։