Համատեղ մամուլի ասուլիս՝ ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի վերաբերյալ
Նոյեմբերի 18֊ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և SATLANTIS ընկերության համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի աշխատանքների վերաբերյալ։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին, SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է անցած 6 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձել արբանյակի թեստավորման, կարգաբերման ու կազմակերպչական աշխատանքներին։
«Այս պահին կարող ենք փաստել, որ այդ աշխատանքներն արդեն հաջողությամբ ավարտվել են։ Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, ունենք դրական արդյունքներ և արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Այժմ աշխատում ենք կառավարման կենտրոնի կառուցման վրա։ Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է։ Շուտով Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով։ Կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով։ Համապատասխան մասնագետներն արդեն վերապատրաստվում են»,- ասել է նախարարը։
Ռոբերտ Խաչատրյանը նաև շեշտել է, որ ծրագրի հիմնական նպատակը, որը ստացել է ՀՀ կառավարության աջակցությունը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն է։ Նախարարի խոսքով՝ արդեն բավականին մեծ հետաքրքրություն կա. 10-ից ավելի հայաստանյան ընկերություններ, յուրաքանչյուրն իր ոլորտով, ցանկություն է հայտնել մասնակցելու այդ գործընթացին։ Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում զարգացնել արբանյակաշինությունը, քանի որ այն բազմակողմանի ոլորտ է և զարկ կտա մի քանի այլ ոլորտների առաջընթացին։
SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին շնորհակալություն է հայտնել նախարարին հրավերի համար, որից հետո ներկայացրել է արբանյակի կառավարման հետ կապված մի քանի կարևոր դրույթներ, այդ թվում այն, որ Հայաստանը սեփական ուժերով է կառավարելու արբանյակը՝ իրականացնելով 2 կարևոր գործառույթ՝ տվյալների ներբեռնում և դրանց կիրառման հնարավորություն պետության կողմից։ Նա ընդգծել է, որ ներդրված տեխնոլոգիան ունի նաև գործառնական նշանակություն, քանի որ ներբեռնված տվյալները կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում։
SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն իր հերթին մանրամասներ է ներկայացրել նախագծի, արբանյակի արդեն իսկ իրականացրած գործունեության, գործառնական ու վերահսկողական հնարավորությունների, կառավարման կենտրոնի վերաբերյալ։
Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը խոսել է գիտության և տեխնոլոգիաների կապի մասին և տեղեկացրել «Արակիս» ծրագրի մասին, որն առաջիկայում իրականացվելու է SATLANTIS-ի կողմից։
«Եվրոպական տիեզերական գործակալության 2022թ. ամենախոշոր պրոյեկտներից մեկն է սա՝ 200 մլն եվրոյից ավելի արժողությամբ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի 100 գալակտիկաների խորը պատկերներ ստանալ։ Մենք շատ ենք ուզում, որպեսզի Հայաստանից, հատկապես տեսական բնագավառում, գիտնականներ ևս մասնակցեն այս պրոյեկտին»,- ասել է Գարիկ Իսրաելյանը։
Նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն էլ տեղեկացրել է, որ Հայաստանի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ և արբանյակից ստացված լուսանկարները գործածվում են խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նկատառումներով մոնիտորինգ իրականացնելու համար։
Այնուհետև լրագրողները հարցեր են ուղղել ներկաներին, որոնք վերաբերել են արբանյակի կիրառական նշանակություններին, Կառավարման կենտրոնի գործարկման ժամկետներին, տվյալների օգտագործմանը, արբանյակաշիությանը, և մի շարք այլ թեմաների։