Տեղեկատվական հանդիպում. ՀՀ ԲՏԱՆ դրամաշնորհային ծրագրեր
- Հրապարակվել է՝ 09/08/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերը ներկայացնելու նպատակով օգոստոսի 8-ին AI9 ստարտափ կամպուսում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում:
Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությամբ հնարավոր է կիսվել իրականացվող ծրագրերով, լսել առկա մտահոգությունները և առաջարկները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գաղափարից բիզնես» ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչը և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչը, մասնավորապես՝ ծրագրերի նպատակները, «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ նախատիպի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող գաղափարը կամ արտադրանքը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, մարտահրավերների հաղթահարմանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ. սեպտեմբերի 16-ը:
«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչն ուղղված է կազմակերպությունների մասնագիտական կարիքների բավարարմանը: Այս ծրագրով ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը: Հայտների ներկայացման վերջնաժամկետը 2024թ. օգոստոսի 16-ն է:
Դրամաշնորհային մրցույթների ներկայացումից հետո, ոչ ֆորմալ միջավայրում մասնակիցները նախարարության աշխատակիցներին են ուղղել ծրագրերին վերաբերող հարցեր, ստացել պատասխաններ: