Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կառավարությունը հաստատել է ԲՏԱ նախարարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրինագիծը

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին»,  «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի  մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:

Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այն նպատակ ունի ստեղծել միասնական և համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման համար՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Փաթեթով կարգավորվում են նաև միասնական թվայնացված միջավայրի ստեղծման և բաց տվյալների քաղաքականության ներդրմանն առնչվող հարցերը: 

Նշվել է, որ փաթեթը անցել է երկարատև և բարդ քննարկումների փուլ, որոնցում ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտային միություններ, անկախ փորձագետներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական գերատեսչություններ։

Նախարար Հայրապետյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթում ներկայացված օրենքներին, մանրամասնել է յուրաքանչյուրի կարգավորման առարկան, նպատակն ու կարևորությունը։

««Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Սահմանվում են չափանիշներ՝ հիմնված ռիսկերի և ազդեցության գնահատման վրա, ինչպես նաև որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են պետական կառույցների, հանրային ոլորտի և քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների համար»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ դա չի նշանակում հրաժարվել ազգային ստանդարտների մշակման և ներդրման գաղափարից։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է, որ ստեղծվելու է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, իսկ անդամներն ընտրվելու են ՀՀ ազգային ժողովի կողմից։

Անդրադառնալով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին՝ նախարարը նշել է, որ դրանով ուրվագծվում է պետական թվային ճարտարապետությունը և ներդրվում է տվյալների կառավարման նոր քաղաքականություն:

Նախագծերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Ամփոփելով իր ելույթը՝  Մխիթար Հայրապետյանը կարևորել է հասարակության կիբեռգրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

 Ավելին՝ տեսանյութում 

Նմանատիպ գրառումներ