Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։

Apolitical-ի գնահատմամբ` Մխիթար Հայրապետյանն առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի ձևավորման գործում։ Ընդգծվում է, որ ԲՏԱ նախարարի համակարգմամբ իրականացվում են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական նախաձեռնություններ, այդ թվում՝ Հայաստանում լայնամասշտաբ ԱԲ տվյալների կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մի շարք այլ ԱԲ ծրագրերի իրականացում։ Առանձնացվում է նաև նախարարի հետևողական մոտեցումը արհեստական բանականության գրագիտության հարցում՝ դպրոցներում և բուհերում ԱԲ կրթության համակարգային ներդրման առաջարկը դիտարկելով որպես ապագա մասնագետների կարողությունների զարգացման կարևոր ուղղություն։

Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարար Կլարա Շապազը, Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի կիրառությունների պետական նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլաման, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Մասաակի Թաիրան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը, Ավստրալիայի արդյունաբերության, նորարարության և գիտության նախարար Թիմ Այրսը, Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ամր Թալաաթը, Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Հնդկաստանի կառավարության երկաթուղիների, տեղեկատվության և հեռարձակման, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնաուն, Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և այլք:

Ցանկը ձևավորվել է բազմափուլ գնահատման և ընտրության գործընթացի արդյունքում՝ ընդգրկելով այն պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը և գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը։

Նմանատիպ գրառումներ