Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար» թեմայով համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) տեխնոլոգիաների օրերի շրջանակում անցկացվող «GIS-ը՝ թվային փոխակերպման համար» թեմայով համաժողովին։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ նման միջոցառումները յուրահատուկ հնարավորություն են մասնագիտական համայնքի և հատկապես երիտասարդների համար՝ գաղափարներով ու փորձով փոխանակվելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախարարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են տվյալահեն որոշումների կայացմանը։

Նախարարի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ տեխնոլոգիական ուղղվածությամբ նմանատիպ համաժողովներն արդյունավետ հարթակ են՝ ոլորտային խնդիրների, առաջնահերթությունների և դրանց լուծման հնարավորությունների քննարկման համար։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ՝ «Քաղաքային փոխակերպման GIS փորձը», «COAF-ի GIS թվային փոխակերպումը․ ինչպես է շահույթ չհետապնդող կազմակերպությունը կիրառում GIS տեխնոլոգիաները թվային զարգացման և կրթական ծրագրերում» և մի շարք այլ թեմաներ։

Մասնակիցները քննարկել են, թե ինչպես են աշխարհագրական տեղեկատվական համակարգերը խթանում թվային փոխակերպումը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացրել GIS տեխնոլոգիաների նորագույն կիրառությունները և առաջարկել համագործակցության նոր ձևաչափեր։

Համաժողովը համախմբել է պետական և միջազգային կառույցների, բիզնեսի, գիտության, կրթական ու արդյունաբերական ոլորտների այն մասնագետներին, որոնք իրենց գործունեության մեջ կիրառում են տարածական տվյալների ու տեխնոլոգիաների հնարավորությունները։

Նմանատիպ գրառումներ