Գևորգ Մանթաշյանն ընդունել է Բաշկորտոստանի Հանրապետության պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 02/11/2022
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի և խորհրդարանական գործունեության նախարարի առաջին տեղակալ Լենա Իզոտովայի գլխավորած պատվիրակությանը:
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացման, կապի, տեղեկատվական, ինժեներական տեխնոլոգիաների ուղղություններին, ստարտափներին տրամադրվող արտոնություններին ու դրամաշնորհային ծրագրերին, ոլորտի զարգացմանն ուղղված օրենդրական բարեփոխումներին։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ովքեր ցանկանում են տեխնոլոգիական ոլորտում բացահայտել ու զարգացնել իրենց տաղանդը և գործունեություն ծավալել Հայաստանում, նրանց համար ևս ընձեռված են արտոնություններից օգտվելու մի շարք հնարավորություններ։
«Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին ջանքեր են գործադրում ոլորտը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է Գևորգ Մանթաշյանը։
Լենա Իզոտովան իր հերթին ներկայացրել է Բաշկորտոստանի տնտեսական նվաճումները՝ դրանցում առանձնացնելով տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում նշանակալի դերակատարում ունեցող Բաշկորտոստանի ավիացիոն ինստիտուտի գործունեությանը, հույս հայտնել, որ տարբեր ուղղություններով սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ կգրանցի։
Պատվիրակության անդամները առանձնակի հետաքրքրվել են ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված հայկական փորձով, ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այն տեղայնացնել իրենց երկրում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև կապերի ամրապնդման¸ ոլորտային ընկերությունների միջև փոխգործակցության հաստատմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին՝ Լենա Իզոտովան Գևորգ Մանթաշյանին հրավիրել է մասնակցելու Բաշկորտոստանում անցկացվելիք «Միջազգային բիզներ շաբաթ» միջոցառմանը։