Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Արևելյան գործընկերության թվային համաժողովին և EU4Digital-ի ղեկավար կոմիտեի նիստին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 14-15-ին առցանց ձևաչափով մասնակցել է «ԵՄ-ն՝ թվայնացման համար» (EU4Digital) նախաձեռնության ամենամյա միջոցառմանը՝ Արևելյան գործընկերության թվային համաժողովին և «ԵՄ-ն՝ թվայնացման համար» նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստին:
Արևելյան գործընկերության թվային համաժողովի «Ենթակառուցվածքից նորարարություն. հայացք թվային միակցվածությանը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով պանելային քննարկման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաղթահարում է թվային խոչընդոտները՝ մասնագետների որակավորումը բարձրացնելու և մարդկային կապիտալի զարգացումը խթանելու միջոցով: Այդ համատեքստում, նա ներկայացրել է Նախարարության կողմից իրականացվող ծրագրերն` ուղղված տեխնոլոգիական կրթությանը, թվային հմտությունների, կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը:
Գևորգ Մանթաշյանը նաև կարևորել է «ԵՄ-ն՝ թվայնացման համար» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են Արևելյան գործընկերության երկրների միջև փոխգործակցության հնարավորությունների բացահայտմանը:
Նոյեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև «ԵՄ-ն՝ թվայնացման համար» նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստին, որը համախմբել էր թվային փոխակերպման և թվային շուկաների ներդաշնակեցման ոլորտում Արևելյան գործընկերության անդամ պետություններին օժանդակող նախագծերի և առաջնահերթ գործողությունների տարածաշրջանային նախաձեռնությունները: Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության թվային փոխակերպման օրակարգը, թվայնացման գործընթացն իրականացնող մարմինները, Հայաստանի թվայնացման 2021-2025թթ. ռազմավարությունը:
Արևելյան գործընկերության թվային համաժողովը կազմակերպվում է Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման գործընթացին աջակցելու նպատակով: Այս տարվա համաժողովի հիմնական թեման էր՝ «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ հասարակությունների և տնտեսությունների հզորացման նպատակով»: