Մեկնարկել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» երկօրյա համաժողովը. նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ողջունել է մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մարտի 25-ին Հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում մասնակցել է «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» (Future of Connectivity) խորագիրը կրող երկօրյա համաժողովին։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել Հեռահաղորդակցության միջազգային միությանը՝ միջոցառման կազմակերպման համար, ապա անդրադարձել է կապի տեխնոլոգիաների ունեցած առանցքային դերին՝ տեղեկատվության մշակման և փոխանակման գործում։
«Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները և կապի համակարգերն աշխարհի ամենադինամիկ զարգացող ոլորտներից են։ Կապի տեխնոլոգիաներն առանցքային դեր են խաղում ամբողջ աշխարհում տեղեկատվության մշակման և փոխանակման գործում։ Այս համաժողովը նշանակալի ներդրում ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման համար՝ ամրապնդելու մասնակիցների միջև կապերը և համագործակցությունը»,- նշել է Գևորգ Մելիքսեթյանը՝ հավելելով, որ համաժողովի ընթացքում փաստացի կդիտարկվեն ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման հիմնական ասպեկտները, ինչպես նաև ՀՀ կառավարության և կարգավորող մարմնի ներուժը՝ աջակցելու նոր ծառայությունների ներդրման գործընթացի արագացմանը։
Համաժողովի կարևորությունն է ընդգծել Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, նորարարությունները և տեխնոլոգիական առաջընթացը։
«Հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև համաշխարհային տնտեսական, հասարակական փոփոխությունների շարժիչ ուժն է»,-ասել է Քրիստինե Գյոնջյանը նաև տեղեկացրել, որ Հայաստան են ժամանել ոլորտի լավագույն փորձագետները և տեխնոշաբաթվա շրջանակներում բովանդակալից քննարկումներ են սպասվում։
Միջոցառման մասնակիցներին առցանց ձևաչափով ողջունել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն, շնորհակալություն հայտնել ԲՏԱ նախարարությանը, Հայաստանի օպերատորների միությանը համաժողովի անցկացմանը օժանդակելու և աջակցելու համար, նշել, որ նմանատիպ միջոցառումները ընդհանուր նպատակի շուրջ են միավորում գիտելիքն ու փորձագիտական հետազոտությունները՝ ուղղված նոր տեխնոլոգիաների զարգացմանն ու առաջընթացին։
Հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում, որը իրականացվում է առաջին անգամ մեր երկրում և տարածաշրջանում, տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ.
FWA (Fixed Wireless Access) բջջային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիայի ներդրման միջազգային փորձը
Նոր սերնդի Wi-Fi 6/7/8 տեխնոլոգիաների զարգացումը, ներդրումը և կիրառությունը
LPWAN (Low-Power Wide-Area Network) տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչպես լիցենզավորված, այնպես էլ առանց լիցենզիայի գործող հաճախականությունների տիրույթում
Տիեզերական կապի զարգացման միտումները LEO/MEO/GEO արբանյակային կապի վերլուծություն։
Starlink արբանյակային կապի համակարգի զարգացումը և կիրառությունը Direct-to-Device արբանյակային կապի հեռանկարներն ու մարտահրավերները
Բջջային կապի մասնավոր ցանցեր
Դրոնները բջջային հաճախականությունների տիրույթում
HIBS/HAPS (Բարձրադիր օդային հարթակներ հեռահաղորդակցության համար)
Ավտոնոմ ցանցեր և արհեստական բանականություն հեռահաղորդակցությունում
Ցանցային API-ներ
Համաժողովը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնելու տարբեր տեխնոլոգիաներին և զարգացման հայեցակարգերին, ինչպես նաև շարժական և ֆիքսված կապի ցանցերին, իմանալ ժամանակակից և նախորդ սերունդների կապի տեխնոլոգիաների՝ ներառյալ բջջային, արբանյակային և ֆիքսված կապի հիմնական տարբերությունները, ուսումնասիրել աշխարհում նոր տեխնոլոգիաների գործարկման առկա օրինակները, հասկանալ, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինները կարող են օգնել արագացնելու նոր տեխնոլոգիաների և ծառայությունների ներդրումը երկրում։
Համաժողովն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից։