Երևանում մեկնարկել է «Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումը
Նոյեմբերի 24-ին Երևանում մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որն այս տարի անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ «Ճարտարագիտական շաբաթ»-ը լավ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու ինժեներներին՝ ամենօրյա աշխատանքով տարբեր ոլորտների զարգացմանը նպաստելու և մարդկանց կյանքը հեշտացնելու համար:
««Ինժեներական շաբաթ»-ը դարձել է ինժեներների տոնը: Մենք պետք է արձանագրենք, որ ամեն տարի այս միջոցառումն անցկացնելով՝ փորձում ենք ինժեների, իր ունեցած ավանդի, ամենօրյա աշխատանքի համար շնորհակալություն հայտնել»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ի 12.4 տոկոս աճը մեծապես պայմանավորված էր ԲՏ ոլորտի տեխնոլոգիաների աճով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, խոսել է տեխնոլոգիաների զարգացման գործում ինժեներական լուծումների կարևոր ազդեցության, հայ ճարտարագիտության հարուստ ավանդույթների և առկա ներուժի մասին:
«Հայկական ինժեներական ներուժը բոլոր ժամանակներում իր նշանակալի խոսքն ու ներդրումն է ունեցել ճարտարագիտության բոլոր ուղղություններում։ Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր տաղանդավոր ճարտարագետների նոր սերունդը, շարունակելով այս ուղղությամբ արդեն իսկ ձևավորված ավանդույթները, իր հաստատուն խոսքն է ասում այս ոլորտում՝ նպաստելով Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի գիտական ներուժի զարգացմանը։ Վստահ եմ, որ առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված նրանց գիտական մշակումները կծառայեն մեր երկրի տնտեսության առաջընթացին», – ասել է նախարարը:
Ռոբերտ Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ «Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը կխթանի տեղական և միջազգային կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը և միջմշակութային համագործակցության զարգացումը:
Ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Էնդրյու Գոլդան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը:
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել են պանելային քննարկումներ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներդրումային գրավչության, զարգացող տեխնոլոգիաների ոլորտում ճարտարագիտության դերակատարության և ճարտարագիտություն-գիտություն-արվեստ փոխկապակցվածության թեմաներով:
«Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2023»-ի միջոցառումները շարունակվելու են նաև նոյեմբերի 25-ին և 26-ին: Նոյեմբերի 25-ին «Ինժեներական քաղաք»-ում լինելու է ճարտարագիտական ցուցահանդես, տեղի են ունենալու նաև սեմինարներ և պանելային քննարկումներ, իսկ նոյեմբերի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելու են պանելային քննարկումներ «Երիտասարդություն և նորարարություն» թեմայով: