Գործարկվել է առաջին մասշտաբային պետական հարթակը՝ e-work.am-ը
- Հրապարակվել է՝ 03/05/2024
- Թեմաներ
- Նորություն
Մայիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ «e-work.am»-ի պաշտոնական շնորհանդեսը, որի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրողների միջև կապը։
Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում անդրադարձել է տվյալների քաղաքականությանը, մասնավորապես՝ տվյալների հավաքագրմանը, համադրելիությանը, փոխգործելիությանը և կիբեռհարթություններում տվյալների պաշտպանվածությանը:
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը, ձեռնարկվող օրենսդրական բարեփոխումները, աշխատանքային շուկայի ձևավորման համատեքստում կարևորել է մարդկային տաղանդների, ունակությունների զարգացմանն ուղղված մշտական աշխատանքները, խոսել նախարարության կողմից իրականացվող կադրերի վերաորակավորման, կարողությունների զարգացման ծրագրերի մասին:
Միջոցառման շրջանակում կազմակերպել է նաև աշխատանքային տոնավաճառ, որին մասնակցել են մի շարք առաջատար գործատուներ:
Հարթակը գործարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մշակել՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը: