«ԴիջիԹեք23». նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է տեխնոլոգիական ցուցահանդես
«Մերիդիան» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է «ԴիջիԹեք23» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի ներքո:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ԴիջիԹեք23», շրջայց կատարել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։
Նախարարությունը, կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, այս տարի ևս աջակցում է նորաստեղծ ընկերություններին՝ մասնակցելու «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին:
«ԴիջիԹեք23»-ին նախարարությունը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային 12 ստարտափների, որոնք ներգրավված են նախարարության դրամաշնորհային և պետական աջակցության ծրագրերում: Նրանց մասնակցությունը ցուցահանդեսին յուրօրինակ հաշվետվություն է՝ ներկայացնելու տրամադրված աջակցության արդյունքները:
Նորաստեղծ ընկերությունները ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումները և ձեռքբերումները տեխնոլոգիական, կրթական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։
Ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի ընկերությունների ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների ներկայացմանն ու առևտրայնացմանը:
«ԴիջիԹեք23»-ին մասնակցում են շուրջ 120 ընկերություններ, որոնք ցուցահանդեսի այցելուներին ծանոթացնում են հայկական տեխնոլոգիական հնարավորություններին ու ներուժին: