ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը DigiTec 2025-ի շրջանակում մասնակցել է «Կիսահաղորդիչներ X Արհեստական բանականություն» պանելային քննարկմանը
- Հրապարակվել է՝ 11/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Հոկտեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Կիսահաղորդիչներ X Արհեստական բանականություն․ Հայաստանի հնարավորությունը՝ առաջնորդելու խելացի սարքավորումների դարաշրջանում» թեմայով պանելային քննարկմանը։
Իր ելույթում Սիմոնյանը կարևորել է կիսահաղորդչային ոլորտի զարգացումը որպես Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով պետական քաղաքականության և կրթական ռազմավարությունների առանցքային դերը։ Նա շեշտել է հատկապես կիսահաղորդչային ինդուստրիայի զարգացմանն ուղղված ծրագրերի խրախուսման և զարգացման անհրաժեշտությունը համալսարաններում՝ դիտարկելով դրանք որպես ոլորտի կայուն աճի հիմք։
Նախարարի տեղակալն ընդգծել է գիտահետազոտական (R&D) գործունեության խթանման և արհեստական բանականության կիրառման կարևորությունը կիսահաղորդչային ճարտարագիտության մեջ։ Անդրադարձել է նաև Հայաստանում առկա ինժեներական մեծ ներուժին՝ որպես երկրի մրցակցային առավելություններից մեկը։
Պանելային քննարկմանը մասնակցել են ոլորտի համաշխարհային առաջատար փորձագետներ, ովքեր ներկայացրել են իրենց տեսլականն ու փորձը կիսահաղորդչային և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
Մասնակիցների թվում էին Broadcom ընկերության ճարտարագիտության գծով տնօրեն Խաչիկ Նազարյանը, Microchip ընկերության FPGA արտադրանքի մշակման ավագ տնօրեն Ռաջիվ Ջայարամանը, AMD ընկերության կորպորատիվ փոխնախագահ Ամիտ Գուպտան և Instigate ընկերության համահիմնադիր և նախագահ Էնո Վայնը, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռնարկատեր Ադամ Քաբլանյանը։