Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցում է DigiTec 2025-ին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Բացման խոսքում նախարարը կարևորել է «ԴիջիԹեք»-ի դերը որպես հարթակ, որը միավորում է նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և ապագան ձևավորող գաղափարները։ Նախարար Հայրապետյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տեխնոլոգիական կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, ոլորտի զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները։

«Ապագայի մեծ նպատակների իրագործման ճանապարհը կառուցվում է ամենօրյա հետևողական աշխատանքով։ Այդ աշխատանքի արդյունքների մի մասին ականատես կլինենք հենց այստեղ՝ «ԴիջիԹեք»-ի տաղավարներում։ Ուստի ակնկալում եմ, որ «ԴիջիԹեք»-ն առաջիկա երեք օրերին կլինի այն հարթակը, որտեղ մեր գրանցած հաջողությունները մեզ կոգեշնչեն գնալու ավելի մեծ երազանքների հետևից»-, ասել է նա:

Այս տարի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը DigiTec 2025-ին ներկայանալու է նորարար մոտեցմամբ և հագեցած ծրագրով՝ ներկայացնելով Հայաստանի առաջատար տեխնոլոգիական նախաձեռնությունները, պետական աջակցության հնարավորությունները և թվայնացման օրակարգը։

Հոկտեմբերի 10–11-ին նախարարության տաղավարում 15 հայկական տեխնոլոգիական կազմակերպություններ կմասնակցեն pitching session-ներին՝ ներկայացնելով նորարար ստարտափներ, գաղափարներ և տեխնոլոգիական լուծումներ։

Ցուցահանդեսի շրջանակում ԲՏԱՆ կներկայացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հարկային արտոնություններն ու պետական աջակցության գործիքակազմը։ Մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան հարցուպատասխան-քննարկման ձևաչափով ծանոթանալ առկա ծրագրերին և դրանց տրամադրած հնարավորություններին։

Նախարարության տաղավարում նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ, որոնք կանդրադառնան ՀՀ թվայնացման ռազմավարությանը և հանրային տվյալների կառավարման համակարգի զարգացման ուղղություններին։
DigiTec 2025-ը միավորում է տեխնոլոգիական էկոհամակարգի բոլոր դերակատարներին՝ սկսած դպրոցականներից մինչև «Յունիքորն» ստարտափների հիմնադիրներ, հրեշտակ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ղեկավարներ։

Միջոցառումն իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Նմանատիպ գրառումներ