Դիլիջանում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի աշխատանքները
- Հրապարակվել է՝ 25/03/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ Թվային կառավարման օրակարգի շրջանակում պետական կառույցների ջանքերի համախմբման նպատակով համատեղ կազմակերպված «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի մեկնարկի արարողությանը:
Գևորգ Մանթաշյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորելել է թվայնացման դերը մեր երկրում: Նախարարի տեղակալը խոսել է ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ նշելով, որ թվայնացումը ինքնանպատակ գործընթաց չէ, այն ուղղված է մեր հանրային ծառայությունների և մի շարք այլ ոլորտների լավացմանը, պետության առաջընթացին ու զարգացմանը:
Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահը կարևորելով նման հանդիպում-քննարկումները՝ շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Տեղեկատվական համակարգերի գործակալությանը և նշել, որ Հայաստանի առաջխաղացման համար թվայնացումն այլընտրանք չունի: Մարտին Գալստյանը նաև ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի ունեցած հաջողված փորձը:
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կարևոր է համարել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և նշել, որ թվային հասարակությունը պետք է ունենա ճարտարապետություն և այդ ճարտարապետության վերաբերյալ ընդհանուր ընկալումներ:
Աշխատաժողովը, որը վարել է Էստոնիայի թվային վերափոխումը իրականություն դարձրած թիմի առաջնորդներից Անդրես Կուտտն, ընդգրկել է Էստոնիայի թվայնացման պատմություն, Ժամանակակից քաղաքականությունների մարտահրավերներ, Թվային կառավարման ճարտարապետություն, Էլեկտրոնային ինքնություն և նույնականացում, Փոխգործելիություն և տվյալների կառավարում թեմաները:
Աշխատաժողովին ներկա են գտնվել հանրային իշխանության մարմինների մի շարք բարձրաստիճան հյուրեր և ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի աշխատանքները՝ «Կյանքի 12 իրադարձություն» թվայնացման նախագծում ներգրավված հանրային ծառայողների և այլ անձանց մասնակցությամբ շարունակվելու են նաև մարտի 26-ին՝ Կիբեռանվտանգություն, Թվային վերափոխմամբ պայմանավորված աշխատանքային մշակույթի փոփոխություններ, Կառույցների և դրանց տեղեկատվական համակարգերի փոխհարաբերություններ, Թվային ծառայությունների կառավարում, Նորարարության տարածում և գնումների ռազմավարություն, Գաղտնիություն, վստահություն և կրիպտոգրաֆիա թեմատիկաների շուրջ: