Տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում
- Հրապարակվել է՝ 16/02/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցել են ոլորտային կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Նա իր խոսքում նշել է, որ նախկինում ներկայացված առաջարկությունները դիտարկվել են, որոնց հիման վրա օրենքի նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նախարարի առաջին տեղակալը կարևորել է հանդիպումների այսպիսի ձևաչափով մտքերի փոխանակումն ու կարծիքների արտահայտումը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկություններն օրենքի նախագծի առանձին դրույթների, եզրույթների, ձևակերպումների շուրջ, նշել, թե հատկապես որ հոդվածները լավարկման և հստակեցման կարիք ունեն:
Ներկայացված առաջարկություններն արձանագրվել են, բարձրացված հարցերի շուրջ հնչել են պարզաբանումներ:
Փոփոխություններ կատարելուց հետո օրենքի նախագիծը կրկին կդրվի հանրային քննարկման: