Հայկական ընկերությունները մասնակցում են Հնդկաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցում է 8 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։
Հունվարի 17-19-ն անցկացվող եռօրյա միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հեռահաղորդակցության և հեռարձակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային էլեկտրոնիկայի, կաբելային և արբանյակային հաղորդակցության, ինչպես նաև ամպային հաշվարկների ոլորտում վերջին ձեռքբերումներին:
Հայկական տաղավար է այցելել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, ծանոթացել ընկերություններին և ներկայացված ցուցանմուշներին:
1992 թվականից անցկացվող միջոցառումը Հնդկաստանի խոշորագույն իրադարձություններից է, որի շրջանակներում նախատեսվում է ավելի քան 55 000 այցելու, շուրջ 1200 արտադրական ապրանքանիշերի և տեխնոլոգիական ընկերությունների մասնակցություն ավելի քան 40 երկրից: