Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Plug and Play Germany GmbH» կազմակերպությունը «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող. ԲՏԱՆ-ը պայմանագիր է ստորագրել

  • Հրապարակվել է՝ 15/08/2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կնքման արարողությունը:

Մասնակցության հայտ է ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը:

Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336,000,000 (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ:

26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող  սկսնակ ընկերությունների համար,  որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։

Պայմանագրի կնքման շրջանակում նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Սաշա Քարիմպուրն անդրադարձել են այս համագործակցության կարևորությանը, ինչպես նաև հետագա գործակցության հնարավորություններին։

Ռուբեն Սիմոյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի և նոր մոտեցում կձևավորի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի  համատեքստում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, մասնավորապես անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիական  ռազմավարական ուղղություններին, ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին, Հայաստանում գործող միջազգային և վերազգային ընկերություններին, և մի շարք այլ թեմաների:

Սաշա Քարիմպուրն իր հերթին ներկայացրել է «Plug and Play Germany GmbH»-ի գործունեությունը և փորձը նմանատիպ ծրագրերում, ընդգծել, որ միջազգային ստանդարտներին համապատասխան էկոհամակարգ ձևավորելու համար կարևոր պայման է նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթությունը, որն իրենց գործունեության հիմքում է։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի սահմանափակվի միայն 26 շաբաթյա այս ծրագրով, այլ կլինի շարունակական։ 

Plug and Play Tech Center-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը  և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play Tech Center-ը համագործակցում է մի շարք գլոբալ և հեղինակավոր կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:

Plug and Play Tech Center-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք:

Նմանատիպ գրառումներ