Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համագործակցության նոր հնարավորությունները քննարկելու նպատակով Մխիթար Հայրապետյանն այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները:

Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել լաբորատորիայի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու հեռահար նպատակները։ Անդրադարձ է կատարվել լաբորատորիայի առաջին առաքելության՝ «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված երկարաժամկետ պլաններին: Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը: 

Նախարարին ներկայացվել է նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլգիաների վրա: Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրել են DeepSat-ի գործունեությունը, տեսլականն ու լուծումները: Այս համատեքստում ընկերությունից նշել են Հայաստանի տիեզերական ռազմավարության մեջ VLEO-ն ընդգծելու կարևորության մասին: 

Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բազումք»-ի գործունեությունը Հայաստանի համար, պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ուղղված տեխնոլոգիաների ու նորարարության զարգացմանն ու առաջընթացին։ Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է: 

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն համագործակցելու տիեզերական ոլորտի ռազմավարության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու ուղղությամբ: 




Նմանատիպ գրառումներ