ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է CIPE-ի ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության նոր ձևաչափեր
- Հրապարակվել է՝ 21/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ ընդունել է CIPE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Նատալյա Օտել Բելանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է ԲՏԱ նախարարության և CIPE-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել դրա շարունակականության անհրաժեշտությունը։ Նա ներկայացրել է նախարարության ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման, նորարարական միջավայրի ամրապնդման և ներդրումների համար բարենպաստ էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ իրականացվում են նպատակային քայլեր։
Նատալյա Օտել Բելան իր հերթին ներկայացրել է CIPE-ի հիմնական նախաձեռնությունները, ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, որոնք միտված են մասնավոր հատվածի կարողությունների զարգացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և թվային փոխակերպումների առաջմղմանը։ Այս համատեքստում CIPE-ը մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ամրապնդել երկրի ներդրումային անվտանգությունը և տնտեսական ինքնիշխանությունը։ Դրանք ներառում են օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ աջակցություն, ինչպես նաև կրիտիկական ոլորտներում ներդրումային սքրինինգի մեխանիզմների կատարելագործմանն ուղղված գործնական առաջարկություններ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններ՝ թվային գրագիտության զարգացման, արհեստական բանականության և կիբեռանվտանգության կիրառական հմտությունների բարձրացման, ինչպես նաև նախարարության ծրագրերում CIPE-ի փորձագիտական ներուժի ներգրավման ուղղություններով։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցության ընդլայնման և շարունակականության կարևորությունը։



