Տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպան Բոլատ Իմանբաևին
- Հրապարակվել է՝ 28/08/2024
- Թեմաներ
- Նորություն
- Պաշտոնական
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու մեծ հեռանկարներ ունի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությանը, «ՀայՓոստ»-ի և «ԿազՓոստ»-ի միջև ձևավորված համագործակցությանը, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) ղազախական կողմի մասնակցությանը։ Կարևորվել է սեպտեմբերի 3-5-ը Աստանայում կայանալիք ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) «Թվային ներառականության» խորագրի ներքո կայանալիք գագաթաժողովին Գևորգ Մանթաշյանի ղեկավարած պատվիրակության մասնակցությունը։
Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության ոլորտներում: Ներկայացվել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծվել է փորձի փոխանակման, մասնագետների փոխադարձ այցերի կարևորությունը, ինչը կնպաստի գործակցության էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ կապերի ընդլայնմանը։