Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում քննարկվել, դրական եզրակացության է արժանացել և առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ներառվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մանրամասն անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, դրանց նպատակահարմարությանը և կիրառման անհրաժեշտությանը։

Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների շրջանակը՝ սահմանելով դրանց կիրառման առավել հստակ և կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։

Փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել Տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։

Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։

Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։ 

Նախագծում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը, Թագուհի Ղազարյանը և Արմենուհի Ղազարյանը։ Դրանք վերաբերել են սոցցանցերում թշնամանք, բռնություն, ատելություն, դաժանություն տարածող խոսքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներին, օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության սահմանումը հստակեցնելուն և մի շարք այլ դրույթների։

Բարձրացված հարցերին սպառիչ և հիմնավոր պատասխաններ են ներկայացրել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը  և Հեռուստատեսության և ռադիոյի հնաձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նմանատիպ գրառումներ