Ռուբեն Սիմոնյանն AmCham-ի համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է AmCham-ի (American Chamber of Commerce in Armenia) 25-ամյակի շրջանակում անցկացվող «Բացահայտելով Հայաստանի ներուժը համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների համար» (Unlocking Armenia’s Potential for Global Tech Leaders) խորագրով բիզնես համաժողովին։
Բացման խոսքով հանդես են եկել ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարգարյանը, ԱՄՆ դեսպանատան Էկոնոմիկայի և կոմերցիոն բաժնի ղեկավար Էդվարդ Էյչլերը, ով ընդգծել է նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը երկկողմանի փոխհարաբերությունների խորացման համատեքստում, ինչպես նաև Ներդրումների աջակցման կենտրոնի արտաքին կապերի կրտսեր մենեջեր Աննա Դավթյանը։
Հանդես գալով հիմնական զեկույցով՝ Ռուբեն Սիմոյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսլականն ու ռազմավարական ուղղությունները։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը, լինելով տարածքով փոքր երկիր, ունի հարուստ գիտական և տեխնոլոգիական ժառանգություն։ Տասնամյակներ շարունակ մեր երկիրը հայտնի է եղել ուժեղ գիտնականներով և ինժեներներով՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում։ Այսօր Հայաստանը զարգացում է արձանագրում նաև կիսահաղորդիչների դիզայնի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ուղղություններով՝ ստեղծելով համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք։
Սիմոնյանի խոսքով՝ կարևոր և հիմնական խնդիր է, որպեսզի առկա ներուժը և գիտելիքը կարողանանք վերափոխել գլոբալ տեխնոլոգիական առաջնորդության։ Այդ նպատակին հասնելու համար պետությունը պետք է կենտրոնանա մի քանի հիմնարար լուծումների վրա, որոնցից առաջինը միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի զարգացումն է, վերափոխումը՝ ներկայիս արտադրական պահանջներին։ Հաջորդը՝ ուժեղ տեխնոլոգիական ենթակառուցվածքների հիմնումն է, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են մի շարք նախագծեր, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունեն Ինժեներական քաղաքի, մարզային տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ծրագրերը, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների ստեղծման նախագծերը։
Կարևոր ուղղություններից են նաև միջազգային չափանիշներին համահունչ իրավակարգավորումների ստեղծումը, որը կնպաստի հայկական ընկերությունների մրցունակությանը միջազգային շուկաներում, ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության և սփյուռքի ներգրավման ընդլայնումը։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ՝ Սփյուռքը Հայաստանի ռազմավարական առավելություններից է, և համատեղ ծրագրերը կարող են խթանել նոր ներդրումներ ու տեխնոլոգիական զարգացում։
Ելույթի ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը չի կարող մրցունակ լինել բոլոր ուղղություններով, ուստի անհրաժեշտ է ռազմավարական կենտրոնացում այն առաջնահերթ ոլորտներում, որտեղ երկիրն ունի միջազգային շուկաների պահանջներին համահունչ և մրցունակ ներուժ։ Այդպիսի ոլորտներից են արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կենսատեխնոլոգիաները, կիսահաղորդիչների նախագծումը ու բարձր տեխնոլոգիական ինժեներական լուծումները։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ոլորտի առաջատար ընկերությունների և կառույցների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի մրցունակությանը, բարձրարժեք աշխատուժի զարգացմանը, ներդրումային գրավչությանը և միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական ընկերությունների դիրքավորմանը։



