ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը
- Հրապարակվել է՝ 08/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շարունակական համագործակցությունը, խոսել է մեկնարկող ծրագրի կարևորության և դրանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բաղադրիչի առկայության մասին: Նախարարի առաջին տեղակալը շեշտել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը տնտեսության՝ նոր հնարավորություններ ստեղծող շարժիչ ուժն է:
«Նման գործընկերներ ունենալը մեզ համար պատիվ է և մեծ պատասխանատվություն: Հուսով ենք, որ նոր ծրագրերի շնորհիվ կբարձրացնենք ոչ միայն մեր դիմակայունությունը, այլև ազգային մրցունակությունը», – ասել է Գևորգ Մանթաշյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը, նաև ներկայացրել է կառավարության տնտեսական քաղաքականությունն՝ ուղղված աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և տնտեսության կառուցվածքային փոփոխությանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ ընդգծելով ՀՀ կառավարության հետ գործընկերության կարևորությունը:
Միջոցառմանը պաշտոնապես ազդարարվել է 24.5 մլն ԱՄՆ դոլար բյուջեով հնգամյա ծրագրի մեկնարկը, ներկայացվել են իրականացման առաջին ամիսների ձեռքբերումները։
Ծրագրի շնորհանդեսից հետո մտադրությունների հուշագրեր են ստորագրվել: