ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Լատվիայի Հանրապետության դեսպանին
- Հրապարակվել է՝ 02/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լատվիայի Հանրապետության ԱԳՆ առաջին երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Ուլդիս Միկուցը, ով ներկայացրել է Լատվիայի դիրքորոշումները և համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Լատվիա կատարած իր նախորդ այցի արդյունքները, տեխնոլոգիական ընկերություններում ունեցած հանդիպումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ընթացող համագործակցությունը։ Անդրադարձել է նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, նորաստեղծ ստարտափների ներգրավմանը միտված նախաձեռնություններին, կիբեռանվտանգության ոլորտում հանրության իրազեկման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումներին և ենթակառուցվածքների բարելավմանը։
Դեսպան Մեդնեն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության զարգացման ու խորացման լայն հնարավորություններ կան։ Նա կիսվել է լատվիական փորձով և պատրաստակամություն հայտնել աջակցել համատեղ նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, թվային գրագիտության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը, կիբեռանվտանգության ոլորտում համատեղ քայլերին, ինչպես նաև ԵՄ չափանիշների ինտեգրման անհրաժեշտությանը։
Անդրադարձ է կատարվել նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով գիտահետազոտական (R&D) նախագծերի ուղղությունը։
Ամփոփելով` կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կազմակերպել փորձի փոխանակման ծրագրեր։